ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Կենսաբանությունը ժամանակակից բնագիտության արագ զարգացող ուղղություններից մեկն է: Գավառի պետական համալսարանում Կենսաբանություն մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները ձեռք են բերում գիտելիքներ բուսաբանության, կենսաբանության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, գենետիկայի, կենսաքիմիայի, մանրէաբանության և այլ բնագավառների վերաբերյալ: Ծանոթանում են կենսաբանության հայեցակարգերին ու սկզբունքներին, կենսաբանության հետ կապված ժամանակակից հիմնախնդիրներին, ստանում են անհրաժեշտ գիտելիքներ էկոլոգիական և էվոլյուցիոն գործընթացների վերլուծության մեթոդների ու մոդելավորման մասին:
Ժամանակակից պահանջներին համապատասխան` ուսանողները գիտելիքներ են ձեռք բերում գենի կառուցվածքի, գենետիկական վերլուծության սկզբունքների, մեթոդների, բնական, մարդածին գործոնների մուտագեն ազդեցությունների և դրա հետ կապված ժառանգական, ձեռքբերովի հիվանդությունների պատճառների, դրանց կանխման միջոցների մասին: Ուսանողները տիրապետում են կենդանի համակարգերի կենսաքիմիական հետազոտության և վերլուծության մեթոդներին, որոնք հաջողությամբ օգտագործվում են կլինիկական և քիմիական լաբորատորիաներում` գործնական աշխատանքի ընթացքում:
Կենսաբանության գծով բակալավրիատի կրթական աստիճանում ուսանողների ձեռք բերած տեսական գիտելիքներն ամրապնդվում են ուսումնական և արտադրական պրակտիկաների ընթացքում:
Ուսուցման երկրորդ աստիճանում` մագիստրատուրայում, խորացվում են տեսական և գործնական գիտելիքները, ուշադրություն է դարձվում հատկապես կիրառական հմտությունների և ունակությունների զարգացմանը:
Մագիստրատուրայում, բացի մասնագիտական հատուկ դասընթացների դասավանդումից, կարևորվում է մագիստրոսի գիտահետազոտական աշխատանքը:
Մագիստրոսական թեզերը հիմնականում կրում են փորձարարական բնույթ և վերաբերում են կենսաբանության արդի հիմնախնդիրներին:
Մագիստրատուրայի գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկաներն անցկացվում են ԳՊՀ-ում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի, Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտներում և այլ գիտական կենտրոններում: Կենսաբանության բաժնի շրջանավարտները կարող են աշխատել ինչպես ուսումնական և գիտական հիմնարկներում (բուհեր, հանրակրթական դպրոցներ, գիտահետազոտական ինստիտուտներ), այնպես էլ սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի տարբեր բնագավառներում: