ՍԵՐՎԻՍ
Սերվիսի (սոցիալ-մշակութային ծառայության և զբոսաշրջության) մասնագիտությունը ստեղծվել է` ելնելով հասարակական պահանջից: Կապված Հայաստանի Հանրապետության նոր տնտեսական քաղաքականության հետ` աստիճանաբար նոր որակ է ստանում սպասարկման ոլորտը, որն արագ ընդարձակվում է, ստեղծվում են սերվիսի ու սպասարկման բազմաթիվ նոր ձևեր ու օբյեկտներ: Խնդիրը յուրաքանչյուր տարածաշրջանի համար նպատակային ձևերի ընտրությունը և օբյեկտների արդյունավետ տեղաբաշխումն է, տնտեսական ու սոցիալական առավելագույն օգուտների ապահովումը:
ՀՀ տնտեսության առավել արագ զարգացող և ավելի մեծ հեռանկարներ ունեցող ոլորտը զբոսաշրջությունն է (տուրիզմը), հատկապես միջազգային զբոսաշրջությունը: Մի կողմից հանրապետությունում կա սերվիսի (սոցիալ-մշակույթային ծառայության և զբոսաշրջության) զարգացման համար անհրաժեշտ բնական և սոցիալ-տնտեսական ներուժ, մյուս կողմից այն փոքր չափով է օգտագործվում: Պատճառը ոլորտի անհրաժեշտ որակյալ մասնագետների` կազմակերպիչների պակասն է: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ունենալ «Սերվիս» համալսարանական կրթությամբ մասնագետներ: Սերվիսի մասնագիտությամբ ուսանողների համար առանձնահատուկ կարևորություն կունենան ուսումնական և արտադրական պրակտիկաները, որոնք կանցկացվեն Գեղարքունիքի մարզի և հանրապետության սերվիսի ոլորտի տարբեր ձեռնարկություններում` հյուրանոցներում, առողջարաններում, զբոսաշրջության գործակալություններում, առևտրի, կենցաղային սպասարկման օբյեկտներում և այլն:
«Սերվիս» մասնագիտությունը ստացած շրջանավարտները կարող են աշխատել սերվիսի ոլորտի ռեկրեացիոն (առողջության վերականգնման), հյուրընկալության, զբոսաշրջության, առևտրի, կենցաղային սպասարկման և այլ կառույցներում:
Սերվիսի ոլորտի, հատկապես տեղական և միջազգային զբոսաշրջության, զարգացման մեծ ներուժը` տարածքի առողջարար կլիման, հրաշագեղ լեռները, գեղատեսիլ լանդշաֆտները, փիրուզյա Սևանն ու լեռնային գեղատեսիլ լճերը, անուշահամ ու հանքային աղբյուրները, բնության և պատմամշակութային հուշարձանները, գյուղերում ազատ բնակելի (հյուընկալության) ֆոնդը, ազգային գեղեցիկ ավանդույթները, էկոլոգիապես մաքուր սնունդը, ազատ աշխատուժը բացառիկ հնարավորություններ են ստեղծում Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Սերվիսի մասնագետները խնդիր ունեն նախագծելու և կյանքի կոչելու մարզի ողջ տնտեսության առաջընթացն ապահովող ծրագրեր: